Էլեկտրական ավտոմեքենաների ներկրման արտոնությունները կերկարաձգվեն

Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,

Նորից ուզում եմ այս առիթը օգտագործել կոչ անելու, տարբեր հանգամանքներ հաշվի առնելով, ավտոմեքենա գնելու որոշում կայացնելիս չհապաղել և ընտրել էլեկտրական մեքենաներ։ Ինչու՞․ նրանք ոչ միայն փաստացի ունեն այս պահին արտոնություններ, որոնք մենք երկարաձգում ենք ևս 2 տարով, ու հույս ունենք ԵԱՏՄ որոշումն էլ կլինի մոտ օրերս և մաքսատուրքի արտոնություններ էլ կերկարձգվեն 2 տարով, այլև նրանք տնտեսապես բազմապատիկ անգամ շահավետ են, ինչպես նաև պետք է հաշվի առնել այն էներգետիկ անվտանգության հարցը, որը նրանք լուծում են, որովհետև մենք ներկրում ենք էներգակիրները տարբեր երկրներից, բայց նաև արտադրում ենք բավականին էժան էլեկտրաէներգիա ատոմակայանով, ինչպես նաև վերականգնվող այլ մեթոդներով՝ ջրային ռեսուրսներով, արևային էներգիայով, և մենք ավելի անվտանգ և անկախ կլինենք, եթե հնարավորիս շատ մեքենաներ ունենանք էլեկտրական շարժիչով, ոչ թե ներքին այրման շարժիչներով։ 

Սա նաև մեր կառավարության գործընկերների համար հստակ ցուցիչ պետք է լինի ջանքեր գործադրելու այս ուղղությամբ, բացի այս արտոնություններից։ Նաև ուզում եմ հիշեցնել մեր գործընկերոջ՝ պարոն Սուքիասյանի երեկվա հորդորը․ էլեկտրական մեքենաների անցնել հնարավոր բոլոր պետական ծառայողական մեքենաների դեպքում և ես կարծում եմ, որ մենք այս առումով շատ հապաղելու անհրաժեշտություն չենք էլ կարող ունենալ, քննարկում եղել է օրինակ պետական գույքի կառավարման կոմիտեի հետ, նշել են, որ էլի քննարկումներ են տեղի ունենում, բայց կարծում եմ, որ պետք է արագ կողմնորոշվել։

Եվ վերջինը, քանի որ տնտեսվարողներն էլ քննարկումներին հետևում են, երեկ խոսք գնաց բեռնատարների, շինտեխնիկայի  և ավտոբուսների վերաբերյալ, պարոն Տերյան, խնդրում եմ այդ մասով էլ արագ կողմնորոշվել, քանի որ դրանք թե՛ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից ավելի վտանգավոր են և թե՛ նաև կարող են խթանել մեր տնտեսկան աճը, եթե մենք ունենանք նման տեսակի շատ ներկրվող մեքենաներ։