Ելույթս Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Հարգելի գործընկերներ, հարցը համարում եմ շատ կարևոր, քանի որ մենք հաճախ ենք խոսում ազգային անվտանգությանը վերաբերող տարբեր հարցերի մասին, բայց երբեմն չենք ուզում տեսնել պատճառահետևանքային կապերը։ 

Թե՛ ալկոհոլի և թե՛ ծխախոտի չարաշահումները ուղիղ իմաստով ազգային անվտանգության սպառնալիք են մեր ունեցած մահերի թվի պատճառով, որովհետև մենք ունենում ենք տարեկան շուրջ 5500 մահ՝ միայն ծխախոտից առաջացած հիվանդություններից, ինչպես նաև մենք էլի չենք ուզում տեսնել կապը:

Ծխախոտի և ալկոհոլի կանոնավոր օգտագործումը մեր դեռահասների շրջանում նպաստավոր գործոն է ավելի ծանր կախվածություն առաջացնող այլ միջոցների օգտագործմանն արագ անցնելու համար, և ես ցանկանում եմ, որ հարցին նայենք նաև այս տեսանկյունից։ Այժմ չեմ ցանկանա խոսքս պարզունակ դարձնել, բայց ծխախոտ օգտագործողը հեշտությամբ օգտագործում է մարիխուանա, իսկ սա օգտագործողը՝ հեշտությամբ այլ՝ ավելի ծանր թմրամիջոցներ։ Ալկոհոլի ազդեցության տակ դեռահասների շրջանում թմրամիջոցների օգտագործումը շատ ավելի շատ է, և ես ուզում եմ, որ մենք բարձրացնենք խնդրի լրջության ընկալման մակարդակը։ 

Ծխախոտի և ալկոհոլի դեմ պայքարի ամենաուժեղ գործիքներից մեկը ապացուցված է, որ գինն է, ինչի վրա պետությունը կարող է ազդել իր հարկային քաղաքականությամբ և ակցիզային հարկը իր բնույթով այդպիսինն է: Կարծում եմ պետք է հարցին նայել այս տեսանկյունից։

Մենք պարոն Պողոսյանի հետ խոսել ենք և ես առաջինից երկրորդ ընթերցում կներկայացնեմ գրավոր առաջարկներ, հույս ունեմ էլի կունենանք շահագրգիռ քննարկում և հատկապես էլեկտրոնային ծխախոտի արտոնյալ դիրքի վերաբերյալ, քանի որ ես այնուամենայնիվ կարծում եմ, որ սա ուղիղ սուբսիդավորում է այդ ապրանքատեսակների օգտագործմանը և ոչ թե պարզապես հարկային քաղաքականություն։