Ելույթս Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովում

Հարգելի նախագահող,

Հարգելի պատվիրակներ,

Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ այս բարձր լսարանի առջև, լսարանի, որն ուղիղ ներկայացնում է աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներին:

Այս միջոցառման թեման, որը կոչվում է «Խորհրդարանական միջամտություն խաղաղության, արդարության և ուժեղ ինստիտուտների համար» շատ ավելի համապարփակ, ներառական և լայն է, քան որևէ ելույթ կարող է ընդգրկել, բայց ես կփորձեմ անդրադառնալ որոշ կետերի, որոնք կարևոր են մեր բոլորի համար:

Այս փոթորկոտ և փոփոխվող ժամանակներում, երբ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը արտաքին և ներքին գործոնների կողմից հաստատակամորեն մարտահրավերների է ենթարկվում այնպիսի երկրներում, ինչպիսին իմ հայրենիք Հայաստանն է, ժողովրդավարական և թափանցիկ եղանակով ընտրված խորհրդարանների դերն էլ ավելի վճռական է դառնում:

Խորհրդարանները այն ինստիտուտներն են, որոնք  պետք է ստանձնեն հավասարակշռող հարվածամեղմիչի դերը, երբ երկրում ի հայտ է գալիս որևէ մեծ ճգնաժամ, կլինի դա արտաքին ագրեսիա, թե ներքին անկայունություն, որպեսզի երկիրը և պետական ինստիտուտները մնան ուժեղ և գործունակ` թույլ չտալով դրանց ձախողումը: Եվ եթե խորհրդարանը ընտրվել է ժողովրդավարական եղանակով և ունի լեգիտիմության բարձր մակարդակ, այն արդյունավետ կերպով կարող է ստանձնել այդ դերը` բարձրացնելով երկրի դիմադրողականությունը, իսկ եթե ոչ, ապա այն կարող է նույնիսկ վատթարացնել իրավիճակը:

Ցավոք սրտի, իմ երկիրը վերջին 3 տարիներին գտնվում է իր ինքնավարությունն ու պետականությունը վտանգի տակ դնող ներքին և արտաքին փոխկապակցված ռիսկերի տակ և մեր խորհրդարանը վճռական դեր է խաղում երկրում կայունությունը ապահովելու հարցում, ինչպես նաև աջակցում է կառավարության մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու փորձերին:

Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմից հետո, երբ կրակի դադարեցման հայտարարություն ստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոշ արտաքին և ներքին ուժեր ցանկացան ապօրինաբար զավթել իշխանությունը Հայաստանում և միայն ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանը, իր մեծամասնությամբ և այդ մեծամասնության կողմից ձևավորված կառավարությունը կարողացան կլանել այդ ահռելի հարվածը` կանխարգելելով երկրի ընկղմվելը քաոսի և քաղաքացիական պատերազմի մեջ: Եվ այդ իրավիճակը ի վերջո հանգուցալուծվեց կառավարության հրաժարականով և արտահերթ խորհրդարանական ընտրություններով, որոնք միջազգային հանրության կողմից կրկին ճանաչվեցին ազատ և թափանցիկ:

Մեր խորհրդարանը և հատկապես խորհրդարանական մեծամասնությունը աջակցում է մեր հարևան Ադրբեջանի հետ մեր կառավարության կողմից խաղաղության շուրջ իրականացվող բանակցություններին` նշանակալից ջանքեր ավելացնելով ոչ միայն մեր երկրում այլև դրա շուրջ կայունություն ապահովելու գործին: Առանց նմանօրինակ աջակցության կառավարությունը ավելի քիչ հնարավորություններ կունենար այդ հարցում: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանականների ներգրավումը խաղաղության շուրջ բանակցություններում հնարավոր համաձայնությունը ի վերջո ավելի կայուն և երկարատև կդարձնի և հակառակը` երկրի ժողովրդին ուղղակիորեն ներկայացնող ինստիտուտին դուրս թողնելը այդ գործընթացից, համաձայնությունը կդարձնի փխրուն և կարճատև: Վերջինս մենք հաճախ տեսնում ենք ավտոկրատական հասարակություններում, երբ խորհրդարանների անդամները նույնիսկ տեղյակ չեն նմանօրինակ կարևոր բանակցությունների մանրամասնություններից: 

Շնորհակալություն ուշադրության համար: