Ելույթս վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի ընտրության ժամանակ

Հարգելի գործընկերներ, ուզեցի անդրադառնալ մի հարցի, որի շուրջ այստեղ ակնարկներ եղան, բայց ես էլ կփորձեմ մի քիչ ավելի բաց տեքստով դրա մասին խոսել:
Խոսքս հատկապես ուղղում եմ այս պահին դատական իշխանությունում աշխատող մեր գործընկերներին և նաև այն պոտենցիալ իրավաբաններին, որոնք ուզում են դատական իշխանություն մտնել: Տեսեք, մենք խոսում ենք պրոցեսների թերի լինելու մասին վճռաբեկ դատարանների դատավորների ընտրելու, որովհետև պետք է լինի երեք թեկնածու և այդ երեք թեկնածուի չլինելու դեպքում, այդ տեղը մնում է թափուր, բայց մենք չենք խոսում մեկ ուրիշ բանի մասին, որ ինչու պետք է նման, ըստ էության, շատերի համար ցանկալի տեղերի համար մնան թափուր տեղեր` ժողովրդական լեզվով ասած լինի «նեդաբոռ», որը շատ տարօրինակ է անկեղծ ասած: Եվ ես ուզում եմ բաց ասել, որ մենք շատ ենք լսում, որ Ազգային ժողով եկող եռյակներում կան ֆավորիտ թեկնածուներ և հենց այդ ֆավորիտ թեկնածուներն են անպայման ընտրվելու Ազգային ժողովի կողմից: Ես ուզում եմ թե´ իմ անունից, թե´ ենթադրում եմ նաև իմ գործընկերների անունից ասել, որ չկան և չեն կարող լինել ֆավորիտ թեկնածուներ, և եթե ինչ որ մեկը նման բան կասի կամ կտարածի նման լուրեր, ապա նա ստում է, զբաղվում է գուցե նաև ինքնիրավչությամբ, որովհետև դա իր լիզորությունների շրջանակում չէ, թե ով է ընտրվելու Ազգային ժողովում դատավոր:
 
Ի դեպ, մենք խոսում ենք դատավորների մասին, բայց համարեք, որ սա վերաբերվում է բոլոր տեսակի Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնյաներին, մենք այս քառօրյայի ընթացքում էլի ենք ունենալու ընտրություն, և բոլորի դեպքում այս մոտեցումը կիրառելի է: Եվ ես վստահ եմ, որ եթե ֆավորիտ թեկնածուների մասին այս խոսակցությունները վերանան, մենք ոչ միայն «նեդաբոռ» չենք ունենա, այլ մենք կունենանք այնպիսի մրցակցություն այդ եռյակները համալրելու, որ կարիք չի լինի օրինակ մտածել նույնիսկ վաղը պոտենցիալ սահմանադրություն փոխելու, ավելի պարզ ընթացակարգ սահմանելու համար։
 
Հետևաբար կոչ եմ անում, հարգելի գործընկերներ, այսուհետև ավելի ակտիվ լինել նման թափուր տեղերը համալրելու գործում, վստահ լինել, որ որոշումը կայացվում է միայն այստեղ, այս ամբիոնում քննարկումից հետո, իհարկե նաև մեր ընդդիմության գործընկերներին կոչ անելով մասնակցել այդ քննարկումներին, և վստահ լինել, որ մենք ընտրելու ենք լավագույններին` թե´ իրենց մասնագիտական ունակությունների առումով, թե´ իրենց` նախկինում ցուցաբերած վարքագծի, արժեքների և սկզբունքների առումով, որովհետև այո´, պարոն Վարդանյանը ճիշտ նշեց, ես էլ եմ միշտ նշում՝ իշխանությունները և ընդդիմությունները հավերժ չեն, նրանք սովորաբար տեղերը փոխում են իրար, և օրինակ իմ պատկերացրած ժողովրդավար Հայաստանում մենք պիտի մեր տեղը զիջենք ինչ որ մի օր ընտրությունների միջոցով, և ես ուզում եմ, որ ես և իմ երեխաները ապրեն այնպիսի երկրում, որ դատավորները իրոք առաջնորդվեն միայն իրենց խղճով և Հայաստանի Հանրապետության օրենքներով, նաև միջազգային պայմանագրերով, եթե այդպիսիք կան:
 
Հետևաբար, ես սա շատ կարևոր համարեցի արձանագրել, եկեք վերջ տանք այդ ասեկոսներին, ինչ որ ֆավորիտների կամ ոչ ֆավորիտների մասին, և մի բան էլ վերջում ավելացնեմ ու ավարտեմ. ես կարծում եմ նաև, որ Ազգային ժողով գալն է վերաբերմունք Ազգային ժողովի ինստիտուտին, կամ չգալը նույնպես վերաբերմունք է Ազգային ժողովի ինստիտուտին, և նաև այդ մրցակցային հնարավորությունից օգտվել կամ չօգտվելն է Ազգային ժողովում լինելը և այս քննարկումներին մասնակցելը, հետևաբար այո´, մենք պետք է հնարավորություն ունենանք բոլոր թեկնածուներին լսելու, բայց եթե ոմանք մեզ զրկել են այդ հնարավորությունից, կներեք, մենք մեղավոր չենք, իրենք են մեղավոր, որ զրկել են իրենց լսելու հնարավորությունից, հետևաբար, ամփոփելով ելույթս, ցանկանում եմ մեզ այս քննարկումների հիման վրա ողջամիտ որոշման կայացում, որն իհարկե կարտահայտվի փակ գաղտնի քվերկությամբ, շնորհակալություն: