Կենսաչափական անձնագրերի տրամադրման հերթական հետաձգումը

Հարցուպատասխան
 
Հարց. - Պարոն Ղազարյան, հարցս և մտքերս խնդրում եմ անձնական չընդունել, դա շատ կարևոր է, քանի որ մենք ուզում ենք ինստիտուցիոնալ հասկանալ ինչումն է խնդիրը, երբ ուղիղ մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 6-ին, այն ժամանակվա Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի հետ մենք այս նույն խոսակցությունն էինք ունենում, ու ինձ մոտ հիմա առնվազն դեժավյուի տպավորություն է թողնում, որը կարծում եմ այդքան էլ ճիշտ չի։ Այն ժամանակ մենք հույս էինք հայտնում, որ այս խոսակցությունը այլևս տեղի չի ունենա այստեղ, բայց փաստորեն նորից տեղի է ունենում։ Հասկանում ենք, որ որոշ պռոցեսներ են եղել՝ թվայնացման խորհուրդ, հանրային-մասնավոր համագործակցություն, բայց մեր քաղաքացիների տեսանկյունից այս տեխնիկական մանրամասները ինչքանո՞վ են հետաքրքիր, իմ կարծիքով՝ ոչ այնքան, և հիմա ինչպես անել, որ այս խոսակցությունը լինի վերջինը, ըստ Ձեզ դա հնարավո՞ր է։
 
Պատասխան. - Այս օրինագծի ընդունումով, այո։
 
Հարց. - Պարոն Ղազարյան, անցյալ տարի, երբ մենք ասում էինք, որ հույս ունենք, որ կլինի վերջինը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ԱԺ-ն քաղաքականություն իրականացնելու, այլ ոչ թե հույսեր ունենալու տեղ է, և մենք այդ տրամաբանությամբ մեկ տարի փաստացի սպասել ենք, որ պիտի 2024 թվականի հունվարի 1-ից այս քաղաքականությունը իրականանա, բայց նորից արձանագրում ենք, որ այն չի իրականացվել տարբեր՝ Ձեր կողմից նշված և չնշված պատճառներով։ Ես չեմ ուզում գնահատականներ տալ, քանի որ մեր կողմից գնահատական տալու անհրաժեշտություն չի էլ առաջանում, յուրաքանչյուր քաղաքացի կարող է տալ այդ հարցը և ինքը պատասխանել։ Հիմա, ի վերջո, մենք այս առաջընթացը արձանագրելու՞ ենք մի օր, թե ոչ։ Նորից եմ կրկնում անձնապես մի ընդունեք, բայց ևս մեկ անգամ ուզում եմ ֆիքսել, որ այս քաղաքականությունը փաստացի չիրականացավ խոստացված ժամկետներում։
 
Ելույթ
 
Հարգելի գործընկերներ,
 
Հարցուպատասխանի ժամանակ չհասցրեցի կարծիքս հայտնել մի հարցի վերաբերյալ, որին անդրադարձան պարոն Ալեքսանյանը և պարոն Խաչատրյանը։
Դա պետություն-մասնավոր համագործակցության հատվածին է վերաբերվում։ Տեսեք, ինձ մոտ մի քիչ դիսոնանս է առաջանում, քանի որ նույն ոստիկանական համակարգում մեկ պետություն-մասնավոր համագործակցություն փոխակերպվեց պետական ամբողջական հիմնարկի․ դա տեսանկարահանման համակարգն է , որը մասնավորից վերցվեց և տրվեց պետական հիմնարկին։ Հիմնավորումները ռիսկերի, լավ չաշխատելու, ոչ բավարար վերահսկողության մասին էին։ Այստեղ կարծես ավելի կարևոր համակարգի դեպքում հակառակ գործընթացն է տեղի ունենում, և ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, նաև պարոն Ղազարյանի ներկայացնելու ընթացքում, որ մենք հաստատ կրկին երկարացնելու ենք այս օրենքի ժամկետը, որովհետև մինչև իրագործվի պետություն-մասնավոր համագործակցությունը, որը բարդ պրոցես է և ոչ միշտ է հարթ ընթանում, տեղի ունենա, դա տևելու է 1, 2 կամ ավելի տարիներ՝ մինչև համակարգը վերջնական կայանա։
Ես կոչ եմ անում և խնդրում մեր գործընկերներին վերանայել այդ որոշումը և մի գուցե հետ կանգնել դրանից և անել այս կարևոր գործառույթը հենց պետական գերատեսչության կողմից՝ ամբողջությամբ ՆԳՆ-ի, իր որևէ ստորաբաժանումով։ Որովհետև կրկին շեշտում եմ, չի կարելի մի բան բերել պետական համակարգ, իսկ մի այլ կարևոր բան տանել մասնավորի դաշտ։
 
Եվ մեկ խնդրանք կառավարությանը, հուսամ կլսեն, ցանկալի է օրինագծերը ներկայացնեն այնպիսի մարդիկ, ովքեր կարող են պատասխանել մեր հարցերին՝ այդ թվում մանրամասն։ Եվ եթե պարոն Ղազարյանը փաստացի ինքը չի այս գործընթացի ներդրման պատասխանատուն, ապա փոքր ինչ տարօրինակ է պարոն Ղազարյանին նման հարցեր տալը։ Սա որպես կոչ, խնդրանք։ Շնորհակալություն։