Ելույթս ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու վերաբերյալ լսումների ժամանակ

Շնորհակալություն, հարգելի պարոն Բաքոյան, տիկին Մանասյան,

Այս խնդրի վերաբերյալ իհարկե աշխատանքային քննարկում էլ էինք ունեցել, որտեղ փոքր ինչ ավելի դեբատային մակարդակով ծավալվեց քննարկումը, բայց այս ձևաչաձը ևս շատ կարևոր է։

Այստեղ շատ հարցեր քննարկվեցին, կարելի էր բոլորին էլ արձագանքել, որովհետև մի հարցից մեկ այլ հարց ծագեց, և մի փոքր էլ երևի ես նպաստեցի, որ շեղվենք թեմայից, բայց կարծում եմ, որ մի քանի տեսանկյունից սա շատ կարևոր քննարկում է:

Առաջինը՝ ինձ մոտ մի շատ դրական տպավորություն ստեղծվեց, որ մենք այս քննարկումը և Ձեր նախաձեռնած փոփոխությունը, պարոն Բաքոյան, շատ համահունչ է արդեն եղած տենդենցներին, այսինքն մենք չենք հակադրվում այդ տենդենցներին։ Ինչի՞ մասին է խոսքը․ տեսեք, մեր գործընկերները, օրինակ առողջապահության նախարարության, նշեցին, որ վերջին 10 տարիների ընթացքում դեռահասների կողմից ծննդաբերությունների թվի էական կրճատում կա, այսինքն դա խոսում է այն մասին, որ հասարակությունը ինքնին, բնականոն կերպով դուրս է գալիս այդ ավանդույթից կամ կարծրատիպից, որի մասին մենք խոսում էինք, և մենք սրանով կարծես հավելյալ խթան ենք տալիս, որ մի քիչ ավելի արագ դուրս գանք այդ ամենից։ Դրա մասին է խոսում նաև ամուսնությունների միջին տարիքը, որը կրկին աճել է, անցած քննարկման ժամանակ թիվը նշվեց, հիմա չեմ հիշում, բայց այնուամենայնիվ մենք կրկին ունենք աճ։ Եթե հնարավորություն լինի, կխնդրեմ նաև թվերն էլ հնչեցնել, այնուամենայնիվ, սա խոսում է այն մասին, որ հասարակությունները՝ այդ թվում նաև հայաստանյան հասարակությունը, հասունանում և զարգանում է։  Եվ այս տեսանկյունից ես նաև ուզում եմ նշել, որ ամենևին չէի ցանկանա այս հարցը կապել ազգային փոքրամասնություններ հետ, թեև, հաշվի առնելով, որ միգուցե իրենց շրջանում սա համամասնորեն ավելի տարածված է, որովհետև բացարձակ թվով գուցե պարզվի, որ այդքան էլ մեծ չի տարածումը, քանի որ ազգությամբ հայերը 95 և ավել տոկոս են, իսկ եզդիները՝ 1 կամ մի քիչ ավելի, և սա շատ կարևոր է, որ այս ամենը պրոյեկտենք ՀՀ քաղաքացների վրա, որովհետև կարևոր է այստեղ ոչ թե ազգությունը, այլ քաղաքացիությունը, և ամենևին կապ չունի իրենց ընտանիքում այդ քաղաքացիները իրենց համարում են եզդի, քուրդ, ասորի, ռուս, թե հայ, ի վերջո։ Երբ խոսում էինք այս մասին, ես փորձեցի հիշել, օրինակ, իմ նախնիներին, որոնք իրենց կրկին համարել են հայ և իրենք էլ շատ ավելի վաղ տարիքում են ամուսնացել, քան իմ ծնողներն ու հետո էլ ես, ենթադրում եմ որ իմ երեխաներն էլ միգուցե ինձնից ավելի մեծ տարիքում ամուսնանան։ Եվ մենք անպայման պիտի այս հարցը հենց այդպես հասցեագրենք ու չկենտրոնանանք ազգային փոքրամասնությունների վրա, որովհետև դա, ըստ իս, լավ տեղ չի տանում և կդիտարկվի որպես խտրական դրսևորում ազգային փոքրամասնությունների նկատմամբ, սա շատ կարևոր հանգամանք է։

Նաև ուզում եմ անդրադառնալ մի հարցի, որ արդեն նշեցի՝ ավանդույթ կամ կարծրատիպ կոչվածին։ Եկեք չվախենանք նաև ավանդույթներին մի քիչ, ժողովրդական լեզվով ասած, «կպնել»։ Իսկ ո՞վ ասաց, որ բոլոր ավանդույթները լավն են և ճիշտ, ես այդ թեզը կասկածի տակ եմ դնում։ Բոլոր ավանդույթները չի, որ լավն են ու ճիշտ, և կներեք, մարդկության և գիտության զարգացմանը զուգահեռ բազմաթիվ ավանդույթներ ապացուցվել է, որ սխալ են կամ առնվազն համահունչ չեն այսօրվա իրողություններին։ Մեր գործընկերը եզդի համայնքից նշեց ֆիզիոլոգիայի մասին, ես թույլ տվեք նաև մի քիչ մասնագիտական առումով ասեմ, այո՛, ժամանակին նաև թագավորներ էին դառնում 12 տարեկանում, համարում էին, որ 12 տարեկանը արդեն տղամարդ է, հիմա իմ տղան 11 տարեկան է շուտով, և ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, որ 12-ում կարող է նման մասշտաբի հարցեր որոշել, նույնիսկ իր կյանքի մասին չի կարող, ուր մնաց պետական կամ նմանատիպ։

Եթե վերադառնանք ավանդույթներին, գիտե՞ք, որ 1000 տարի առաջ, երբ այդ ամենը տեղի էր ունենում, կյանքի միջին տևողությունը 30 տարի էր, մարդիկ 35 տարեկանից ավել հիմնականում չէին ապրում՝ տարբեր պատճառներով․ տրավմատիզմ, ինֆեկցիոն հիվանդություններ, կենցաղ, սանիտարահիգիենիկ վատ պայմաններ և այլն։ Բայց մենք հիմա խոսում ենք, որ 80-ն տարեկանն էլ է արդեն քիչ, կյանքի սպասվող տևողությունը այդքան ավելացել է, երկրներ կան արդեն 89 տարեկանն է։ Եկեք այս ամենն էլ հաշվի առնենք, որ ամեն ինչ չի, որ եթե ժամանակին տեղի է ունեցել, ուրեմն ճիշտ է և օգտակար հենց քո տեսանկյունից, ազգային կամ այլ տեսակի ինքնության պահպանման տեսանկյունից։ Եվ եկեք ամեն դեպքում չվախենանք այդ ավանդույթները կասկածի տակ դնելուց, և նորից եմ կնկնում, սա միայն այս թեմային չի վերաբերվում, այլ տարատեսակ այլ ավանդույթների մասին է։ Այսօր խոսվեց նաև ընտանեկան բռնության վերաբերյալ, երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ, որոնք էլի շատ հաճախ ներկայացվում են որպես ավանդույթներ, դաստիարակչական մեթոդներ՝ սխալ վարքագծի, որևէ մեկին սխալ բան ասելու համար։ Այս ամեն ինչի մասին հրապարակային խոսելը մեր պարտքն է, որովհետև դրանով մենք պաշտպանում ենք մեր քաղաքացիներին։

Եվ վերջում, ես սա շատ կարևոր եմ համարում, հարգելի գործընկերներ, իրավահավասարության տեսանկյունից։ Տեսեք, նույնիսկ 18 տարեկանում ամուսնանալը ես համարում եմ սխալ, թեկուզ և մենք չափահասության տարիքը սահմանել ենք 18 և այս պահին դա փոփոխելու հարց չկա, աշխարհում էլ շատ քիչ երկրներ կա, որ ավելի բարձր է այդ տարիքը, բայց այնուամենայնիվ մենք պետք է խրախուսենք մեր երեխաներին ստանալ պատշաճ կրթություն, ունենալ պատշաճ աշխատանք՝ հատկապես կանանց, և նոր միայն մտածել ամուսնության մասին։ Միայն կրթություն ստացած, իր կարիքները ինքնուրույն հոգալ կարողացող կանայք են, որ կարողանալու են թեկուզ հենց իրենց երեխաների համար երկարատև խնամք և հոգածություն ապահովել, հասարակության մեջ ունենալ կարևոր դեր և ոչ թե կախվածության մեջ լինեն ամուսնուց, կամ հաճախ ամուսնու ծնողներից, որովհետև այդ կանայք, ըստ էության,  հավերժական խտրականության մեջ են լինելու իրենց ամբողջ կյանքի ընթացում՝ թեկուզ և ինչ որ պահի գիտակցելով, որ հենց այդ կարգավիճակում են։ Եվ այս դեբատները և ընդհանրապես մեր հանրային բանավեճը այս  հարցի շուրջ ես կուզեմ, որ այս համատեքստում էլ տանենք, և սա, նորից եմ կրկնում, ամենևին էլ ազգային փոքրամասնությունների մասին չի, սա հենց մեր՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների մասին է։

Այսքանը, շնորհակալություն պարոն Բաքոյան, երբ օրենքը արդեն պատրաստ լինի ընթացակարգային քննարկման և քվեարկման, մենք էլի կխոսենք սրա մասին, բայց ես հիմա ուզում եմ ասել, որ ես թեկուզ մեկ ձեռքով եմ կողմ քվեարկում, բայց երկու ձեռքով կողմ եմ դրան։