Հայտարարություն Աբովյան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման մասին. Արսեն Թորոսյան

Հայտարարությունս հատկապես ուղղված է մեր Դատախազության, Ոստիկանության և Քննչական կոմիտեի գործընկերներին, բայց նաև մեր հայրենակիցներին, որոնք հավանաբար կարծիք ունեն կամ կկազմեն այդ գերատեսչությունների վերաբերյալ։ Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանին շատ մոտ գտնվող Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում տեղի է ունեցել մի հանցագործություն, որի վերաբերյալ եղել են հաղորդագրություններ Ոստիկանությունից, Քննչական կոմիտեից և առաջադրվել են մեղադրանքներ՝ խուլիգանության, ֆիզիկական ներգործության, ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածներով։

Բայց այս պատմության մեջ տարօրինակը այլ բան է, հարգելի հայրենակիցներ։ Այն, որ Աբովյան քաղաքում հասարարական տրանսպորտը սպասարկող մի ընկերության կողմից երկար ամիսներ տեղի էր ունենում, ըստ էության, տաքսի ծառայություններ մատուցող մեր քաղաքացիների նկատմամբ վախի տարածման, թույլ չտալու, սպառնալիքների գործողություններ: Դրա մասին  եղել են հրապարակումներ մամուլում, ավելին՝ Աբովյան խոշորացված համայնքի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը այդ հարցով դիմել է Դատախազությանը, բայց մենք փաստացի մինչև այդ հանցագործության տեղի ունենալը, որևէ հրապարակային արձագանք չենք լսել այդ ամենի մասին։

Իսկ գուցե մեր գործընկերները, օրինակ, վախենում են այդ հասարարական տրանսպորտային կազմակերպության հետ փոխկապակցված մի շատ մեծահարուստ մարդու արձագանքից, հիմա, կամ մի քանի տարի հետո, երբ ինչ որ բան փոխվի ըստ իրենց։ Գուցե ամեն դեպքում մեր գործընկերները նման «մասկի շոու»-ներ, որ անում են մանկահասակ երեխաներ ունեցող աշխատակիցների կամ բավական պարտաճանաչ և բարեխիղճ պաշտոնյաների ձերբակալման ժամանակ, պիտի անեին այդ տրանսպորտային կազմակերպության գրասենյակում կամ գրասենյակի ղեկավարի տանը  և ուրիշ հոդվածներ առաջադրեին, ոչ թե պարզապես խուլիգանություն, ապօրինի զենք-զինամթերք պահել, ֆիզիկական ներգործություն, այլ օրինակ՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելը և ղեկավարելը, որը վախի մթնորլորտ է ստեղծում այդ տարածաշրջանում և ինքնիրավչություն է անում մի տեղ, որի իրավունքը չունի։ Եթե օրինակ խախտում էլ կար այդտեղ, դրանով պետք է զբաղվեին տեսչական մարմինները։ Հնարավո՞ր է ի վերջո, մեր համապատասխան մարմինները իրենց մեջ համարձակություն գտնեն և զբաղվեն նաև այդ հարցերով՝ ի թիվս այլոց, որոնց մասին նշեցի։

Ես կարծում եմ, որ մենք այստեղ լուրջ խնդիր ունենք և սրա մասին պետք է խոսենք, և չխոսելը տանելու է  նրան, ինչ որ մենք հիմա ունենք․ նրանք գործելու են միայն այն ժամանակ, երբ դանակը հասնի ոսկորին։ Շնորհակալություն։