Ելույթս Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի քննարկման ժամանակ. Արսեն Թորոսյան

 

Ճիշտն ասած շատ հարցերի պատասխանվեց, բայց կուզեմ ժամանակը օգտագործել և այնուամենայնիվ հիշեցնել, թե ինչ է տեղի ունեցել, երբ, և ինչու հիմա մենք ունենք նման դիտորդական առաքելություն, որովհետև բուն համաձայնագրի մասին շատ խոսեցինք։ Ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ Ադրբեջանը Հայաստանի նմատմամբ ագրեսիա իրակացրել է 2021 թվականի մայիսին, հետո 2021 թվականի նոյեմբերին և, ինչպես պարոն Ռուբինյանը իրավացիորեն նշեց, վերջին և ըստ էության ամենախոշոր հարձակումը և մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին։ Եվ միայն դրանից հետո, երբ  մենք հասկացանք, որ մեր անվտանգային ճարտարապետության մաս կազմող ոչ մի գործիք չի աշխատում, ըստ էության, կլինի դա ՀԱՊԿ-ի պայմանագիրը, կլինի երկկողմ պայմանագրերը Ռուսաստանի Դաշնության հետ, մենք դիմեցինք մեր Եվրոմիության գործընկերներին: Սա շատ կարևոր է, որ մենք ենք դիմել, օգնելու մեզ և հնարավորինս անվտանգային նոր գործիքներ մտցնելու մեր անվտանգային ճարտարապետության մեջ, ինչը փաստացիորեն շատ կարճ ժամանակում ընդունվել է։

Սկզբից տեղակայվել է կարճաժամկետ առաքելությունը, որը, ինչպես նշվեց նաև պարոն փոխնախարարի կողմից, կազմված է եղել Վրաստանում գործող դիտորդական առաքելության դիտորդներից և դրանից հետո կրկին շատ կարճ ժամանակում, ինչը հատուկ չէ նման որոշումների ընդունմանը, ընդունվել է մշտական դիտորդական առաքելության տեղակայման որոշում, նորից եմ կրկնում՝ մեր դիմումի հիման վրա։ Եվ ընդունվել է Եվրոպայի խորհրդի որոշումը, որը նկարագրում է, թե ինչպես  է դա տեղի ունեցել, ինչի հիման վրա, ինչ մանդատ ունի նման առաքելությունը, որը տեղակայված է Հայաստանում արդեն մեկ տարուց ավել։ Եվ, ըստ էության, բոլորս էլ կարող ենք արձանագրել, որ նրանց տեղակայման հատվածներում մենք ունենք հնարավորինս կայուն վիճակ և ունենք որոշ հատվածներում ոչ այնքան կայուն վիճակ, որտեղ նրանք դեռևս տեղակայված չեն։ Սա շատ կարևոր հանգամանք է, այսինքն հակառակ պատկերը չունենք։ Պարոն Ռուբինյանը իրավացիորեն նորից նշեց, որ այդ ամենը տեղի է ունեցել տեղակայումից առաջ։

Հիմա վերադառնալով բուն համաձայնագրին․ հարգելի գործընկերներ, քանի որ Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայի ընդունման ժամանակ նման առաքելություններ չեն եղել աշխարոհում ըստ էության, և ապրիորի չէին կարող ենթադրել, որ օրինակ 50 տարի անց նման առաքելություններ կարող են լինել, այնտեղ նման առաքելությունների մաս կազմող անձնակազմի` թե՛ տեղական, թե՛ դիվանագիտական, կարգավիճակի մասին որևէ հիշատակում չկա։ Եվ մենք, ըստ էության, հայելային, ինչպես օրինակ բազմաթիվ դեսպանատների, դիվանագիտական այլ ներկայացուցիչների անձնակազմերը ունեն այս պահին էլ Հայաստանի Հանրապետությունում կարգավիճակներ, այնպես էլ նմանատիպ կարգավիճակ ենք տալիս նաև Եվրոպական միության դիտորդական առաքելությանը ամբողջությամբ և նաև մասնավորապես անձնակազմին` անձնակազմի անձեռնմխելիությանը, գործողություններին և այլն։ Եվ այստեղ որևէ տարբերություն չկա, հիմա չեմ ուզում թիրախավորել, տարբեր երկրների անուններ տալ, դուք ինքներդ կարող եք տալ, որևէ այլ երկրի դեսպանատան և այս առաքելությանը տրվող կարգավիճակի, արտոնությունների և անձեռնմխելիության միջև։ Եվ հետևաբար էլի խնդրում եմ չվիրավորվել, բայց այստեղ մութ սենյակում սև կատու չկա, հարգելի գործընկերներ։

Ինչու հիմա․ այս հարցը տրվել է, նորից ուզում եմ ասել, քանի որ կա Եվրոպական միության մեջ համաձայնեցման ընթացակարգ՝ 27 երկրների միջև, որը ժամանակ է տևում, դրանից հետո կա մեր ներպետական համաձայնեցման ընթացք, որը կրկին ժամանակ է տևում, և կարծում եմ, որ սրանից ավելի արագ հնարավոր չէր Ազգային ժողովում սա քննարկել, և նաև այո ունենք Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, որ այն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահամանադրությանը։ Քննարկվել է հանձնաժողովում, մեր գործընկերները թե՛ ընդդիմությունից, թե՛ կառավարող ուժից, մասնակցել են, հարցեր են տվել, կարծում եմ բոլոր հարցերը փարատվել են, իսկ եթե չեն փարատվել, ես, եթե կկարողանամ, կփորձեմ դրանց կրկին պատասխանել: Պատեհ առիթի և խնդրում եմ կողմ քվեարկել համաձայնագիրը վավերացնելու օրենքին։