Հակակոռուպցիոն կոմիտեն չի ուզում ընդունել իր սխալները և գործն ըստ էության քննել

«Ես հարցաքննության կանչվել եմ իմ բազմաթիվ պնդումներից հետո և ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնությամբ։ Ի վերջո, իհարկե իրենց նախաձեռնությամբ է եղել, բայց ես եմ բազմիցս հրապարակային ասել՝ այս ո՞նց է, որ ինձ չեն հարցաքննում այդ կարևոր գործով՝ հաշվի առնելով, որ բոլոր կարևոր հրամանները ես եմ փաստացի արձակել ժամանակին և ես դրա տակ տրամաբանություն եմ դրել»,- Aravot.am-ի փաստմանը՝ Քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով Դուք հարցաքննվել եք և հարցին՝ Ձեր հարցաքննությունը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ գործի ընթացքի վրա և արդյոք պատրա՞ստ եք անհրաժեշտության դեպքում կրկին հարցաքննության մասնակցել` վկայի կարգավիճակով, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, 2018-2021 թթ․ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նաև ասաց․ «Ուզում եմ ուղղում մտցնել վերջերս տեղի ունեցած մի հարցազրույցի ժամանակ հնչած մտքի վերաբերյալ, որի ժամանակ այս հարցը նորից օրակարգ եկավ։ Ենթադրյալ չարաշահումները, ի հակառակ լրագրողի պնդման՝ չեն եղել իմ օրոք, այլ եղել են ինձնից հետո»։

Հարցին՝ պատրա՞ստ է անհրաժեշտության դեպքում կրկին հարցաքննության մասնակցել` վկայի կարգավիճակով, Արսեն Թորոսյանը պատասխանեց․ «Ինձ համար շատ տարօրինակ էր, որ նախաքննական մարմնին հետաքրքիր չեն, թե այդ հրամաններն ինչի համար էին արձակվել։ Հետևաբար, իհարկե, պատրաստ եմ։ Եթե պատրաստ չլինեի, ես ինքս չէի պնդի, որ ինձ պետք է հարցաքննեն։ Թե ինչ ազդեցություն կունենա իմ հարցաքննությունը գործի ընթացքի վրա, չեմ կարող ասել, բայց ևս մեկ անգամ պնդում եմ, որ այն առնվազն պաշտոնական չարաշահման, պաշտոնական անփութության մասով անհիմն է։ Դրա ապացույցն է նաև դատարանի վճիռը, որով իմ նախկին տեղակալին հիմնավոր կասկածի բացակայության հիմքով են կալանքից ազատել։ Ու ինձ համար շատ տարօրինակ է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն չի ուզում ընդունել իր սխալները և գործն ըստ էության քննել և ոչ թե ռուսերեն ասած` имитация бурной деятельности եղանակով շարունակի, թե ինչ կարևոր, տիեզերական մասշտաբի բան են հայտնաբերել»։

Արսեն Թորոսյանը վստահեցրեց՝ այդ գործը վերաբերում է իր՝ նախարար լինելուց հետո եղած ժամանակահատվածին և նշեց, որ պաշտոնական հայտարարությունների մեջ էլ է երևում։ Մեր դիտարկմանը՝ այնուամենայնիվ, Ձեր հրամանների հիման վրա են գործողություններ կատարվել, նա արձագանքեց․ «Իհարկե, հրամանները իմ օրոք են արձակվել, հետո փոփոխվել են բազմաթիվ անգամներ իմ ու հաջորդ նախարարի կողմից։ Ես սա ասում եմ այն պատճառով, որ մարդկանց մոլորության մեջ չգցեն, թե իմ պաշտոնավարման օրոք է դա եղել։ Միտում չեմ տեսնում նախաքննական մարմնի կողմից, բայց ի սկզբանե իմ անվան հետ կապեցին, քանի որ ես էլ խոսեցի այդ հարցի վերաբերյալ, քանի որ ինձ համար սկզբունքն է կարևոր, ոչ թե՝ ում օրոք է եղել։ Ես կարող էի ոչ մի բան չասել, քանի որ իմ օրոք չի եղել, բայց ինձ համար կարևոր է, որ հանիրավի որևէ մեկին չմեղադրեն։ Դրա համար որոշ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ սա իմ պաշտոնավարման օրոք եղած ենթադրյալ չարաշահումներին է վերաբերվում, այնինչ դա ամենևին այդպես չէ»։

Հարցին՝ «Մեդլայն» բժշկական կենտրոնի հետ կապված Ձեր պաշտոնավարման օրոք խնդիրներ, տարբեր խախտումների մասին ահազանգեր եղե՞լ են, Արսեն Թորոսյանը պատասխանեց․ «Պետք է բոլորս լավ հիշենք այդ ժամանակահատվածը՝ 2020-ի կեսերը, երբ 30-ից ավելի բժշկական կենտրոններ մատուցում էին Քովիդի դեմ ծառայություններ, և մենք խնդրում էինք բժշկական կենտրոններին, որպեսզի նրանք դառնան քովիդ կենտրոններ, ինչը, իհարկե, բոլորը կարծես թե մոռացել են՝ հատկապես նաև նախաքննական մարմինները, բայց այնուամենայնիվ, դա շատ կարևոր է, և այդ կլինիկաներից մեկը եղել է «Մեդլայնը»։ Մենք տասնյակ հազարավոր պացիենտներ ենք բուժել այդ բոլոր կլինիկաներում։ «Մեդլայնի» հետ մեկ պատահական հայտնաբերված դեպք է եղել 2020-ի օգոստոսին կամ սեպտեմբերին, որ մեր այցելությունների ժամանակ հատուկ խմբերի կողմից հայտնաբերվել է մի անհամապատասխանություն, որ պացիենտի անունը գրված է եղել մի բաժանմունքում, բայց ինքն այլ բաժանմունքում է եղել։ Դրա մասին հայտնել ենք իրավապահներին, իրավական գործընթաց է եղել, որը երկար շարունակվել է։ Չգիտեմ՝ մանրամասները ոնց է եղել։ Մի նախաքննական մարմին չի հայտնաբերել այս ամենը, հետո մեկ ուրիշը հայտնաբերել է, իսկ կարող է՞ այնտեղ էլ կա պաշտոնական անփութության վարկած, դա ո՞վ պիտի քննի և այլն»։

Այս գործով հափշտակված գումարը նախկինում 120 միլիոն էր կազմում, հիմա 263 միլիոն 480 հազար դրամ։ Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցինք՝ ունի՞ ենթադրություններ, թե սրանք ինչ հափշտակված գումարներ կարող են լինել, նա պատասխանեց․ «Թվերի մասին ինֆորմացիա չունեմ․ ձեռքիս տակ թղթեր չունեմ։ Խոսքը հետևյալի մասին է։ Ինչ-որ մեկն ինչ-որ գումար չի վերցրել մի տեղից, ու անունը դնում ենք հափշտակում, այլ ըստ մեղադրանքի, որը չգիտեմ՝ ինչքանով է հիմնավոր, քանի որ այդ մասով ընդհանրապես չեմ խորացել, չեմ էլ ուզում, եթե եղել է, թող դատարանը պարզի։ Ենթադրությունն այն է, որ օրինակ՝ մի պացիենտը պառկած է սովորական բաժնում, որի մեկ օրվա բուժումը պետությունը փոխհատուցում է X դրամ, բայց ներկայացվում է, որ պացիենտը պառկած է երկրորդ բաժնում՝ օրինակ՝ ռեանիմացիայում, որտեղ փոխհատուցումը 2X դրամ է։ Ու դրանց տարբերությունը, եթե հիմնավորվում է, որ այդպես է եղել, բուժհիմնարկը խաբել է պետությանը, այդ գումարները հափշտակվել են։ Թե հաշվարկները ոնց են արվել, անկեղծ ասած՝ չգիտեմ։ Թող քննությունը պարզի, ու մեղավորներն ամբողջ խստությամբ պատասխանատվություն կրեն այդ մասով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/01/08/1392505/